Բրազիլիայում գրեթե 400 մարդ ստիպված է եղել լքել իր տները բնակելի թաղամասի վրա ընկած ժայռի պատճառով:
«ՆՏՎ»-ի փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել Վիլա Վելյա քաղաքում՝ երկրի հարավ-արեւելքում: Հսկայական քարը պոկվել է Բոա-Վիստա քարքարոտ բլրից, լանջով գլորվել ներքեւ ու ընկել քաղաքի ծայրամասի վրա՝ ամբողջությամբ փլուզելով չորս տուն: Արդյունքում 15 մարդ է տուժել, որոնցից 5-ը բուժօգնության կարիք է ունեցել:
Քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել: Շրջակա տների բնակիչներին խորհուրդ են տվել հեռանալ իրենց բնակարաններից: Քաղաքի իշխանությունները չեն բացառում կրկնակի փլուզման հավանականությունը:











