Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնը Նովոսիբիրսկի Գ.Ի.Բուդկերի անվան Միջուկային ֆիզիկայի ինստիտուտի հետ համատեղ փորձարկում կիրականացնի նոր տեսակի արագացուցչի ստեղծման ուղղությամբ: Փորձարկումը կիրականացվի 2016-ի վերջին: Այդ մասին «Ինտերֆաքսին» տեղեկացրել է ՄՖԻ-ի գլխավոր գիտաշխատող Կոնստանտին Լոտովը:    

Նրա խոսքով, փորձարկման նպատակն է աշխարհում առաջին անգամ ցույց տալ, որ պրոտոններով հնարավոր է պլազմայի ալիք ստեղծել, իսկ հետո այդ ալիքում մասնիկներն այնքան արագացնել, մինչեւ  10 անգամ ավելի արագ շարժվեն, քան սովորական արագացուցիչներում: 

Պլազմայում լիցքավորված մասնիկների արագացումը թույլ կտա դրա տեմպը զգալիորեն բարձրացնել. հնարավոր կլինի բառացիորեն մի քանի սանտիմետրի վրա մի քանի գիգաէլեկտրոնվոլտ էներգիա հավաքել, հավելել է նա: 

Համապատասխանաբար` արագացուցիչները, որոնք այժմ մինչեւ մեկ կիլոմետր չափ ունեն, կարող են  «սեղմվել» մինչեւ 10-15 մետր: Արդյունքում հնարավոր կլինի սինպրոտրոնային ճառագայթման կոմպակտ աղբյուր ստանալ, որը կիրառության ամենալայն ոլորտներ ունի` բժշկությունից մինչեւ  նյութագիտություն եւ մետաղների մշակում: