Անցյալ ամիս ԱՄՆ-ի Կոնգրեսի ընդունած ֆինանսական օրինագիծը ՆԱՍԱ-ին հանձնարարում է արագացնել բնակելի մոդուլի կառուցումը, որը կարող է օգտագործվել տիեզերական ապագա առաջադրանքների համար: 

Ինչպես տեղեկացնում է «Աստրոնյուսը», ամերիկյան տիեզերական գործակալության հանձնարարականի մանրամասն պլանն առայժմ հայտնի չէ: Այդ հաշվետվության մեջ, որին կից  2016 հարկային տարվա համար ֆինանսական օրենքի նախագիծ է ներկայացված,  ՆԱՍԱ-ի համար հրահանգներ են պարունակվում` առնվազն  55 մլն դոլար ծախսել բնակելի մոդուլի ստեղծման համար, որը կօգնի տիեզերքի ապագա հետազոտություններում: Այդ դրամական միջոցները կտրամադրվեն  Advanced Exploration Systems ծրագրի շրջանակում, որը մաս է կազմում բյուջեի Exploration Research and Development անվանումով հոդվածի, որը օրենքի նոր նախագծի համաձայն  350 մլն դոլարի ֆինանսավորում է ստացել:

Վերջին մի քանի ամսվա ընթացքում ՆԱՍԱ-ն գնալով ավելի ակտիվորեն է ընդգծում բնակելի մոդուլի մշակման կարեւորությունը, որը 2020-ականներին կարող է փորձարկվել մերձլուսնային տարածությունում: Նման մոդուլը հետագայում կարող է օգտագործվել մարդու կողմից ղեկավարվող առաքելություններ Մարս ուղարկելիս. ՆԱՍԱ-ն նախատեսում է դրանք իրականացնել մոտավորապես  2030-ականներին: