Թուրքիայի Բուրսա քաղաքում, քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքի ընթացքում մի երիտասարդ թուրք ազգայնական, հավաքվածներին ասել էր, թե ինքը ոստիկան է, մոտեցել է ելույթ ունեցող պատգամավոր Աքըն Բիրդալին ու հարվածել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` հանրահավաքը սկսելուն պես, ելույթ է ունեցել «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Աքըն Բիրդալը: Այդ ընթացքում Բիրդալին է մոտեցել, հորեղբորը տեսակցելու համար Բուրսա եկած, Ստամբուլի Մարմարայի համալսարանի ուսանող Բիլգիհան Շիմշեքը, ով հարվածել է պատգամավորին: Հանրահավաքի մասնակիցները անմիջապես պաշտպանության տակ են առել պատգամավորին եւ ինքնադատաստան տեսել Շիմշեքի հետ:
Ոստիկանությունը արցունքաբեր գազ օգտագործելով, մի կերպ է կարողացել հանրահավաքի մասնակիցների ձեռքից խլել ծեծված թուրք ազգայնականին:
Բիլգիհան Շիմշեքի Facebook-ի անձնական էջի գրառումներից հայտնի է դարձել, որ վերջինս 2007-ին ավարտել է Բաքվի պետական տնտեսագիտական համալսարանը: Շիշեքն իր էջում տեղադրել է Բաքվի թուրք նահատակների պուրակը եւ թողել գրություն,որտեղ նշում է , թե 7 տարեկանից ի վեր, աղոթում եւ հավատում է, որ Աստված կօգնի իրեն նահատակ լինելով մահանալ:
Իրեն առյուծ կոչող Բիլգիհան Շիմշեքի Facebook-ի էջի հիմնական կարգախոսներից է «Վրեժխնդրություն» բառը:
Նշենք, որ Աքըն Բիրդալը թուրք քաղաքական գործիչ է, ով անդամակցում է քրդական “«Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը:
Աքըն Բիրդալը, 2008-ի վերջին, Թուրքիայում կազմակերպված «Ներեցեք մեզ, հայեր» ակցիայի աջակիցներից է:
































