Իրանը կարող է կոնսոլիդացնել շիաների պայքարը Արաբական թերակղզում, նրանց թիվն այնտեղ քիչ չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է իրանագետ Կարինե Գեւորգյանը՝ անդրադառնալով Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ կոնֆլիկտին:

Փորձագետի խոսքով՝ Բահրեյնում շիաները մեծամասնություն են կազմում: «Հնարավոր է, որ վերջին հաշվով հեղաշրջում կլինի, սակայն դժվար թե իրանցիները կոշտ գործողությունների դիմեն եւ անմիջականորեն ներթափանցեն այդ երկրներ: Դա նրանց պետք չէ»,- ընդգծել է Կարինա Գեւորգյանը:

Հաշվի առնելով, որ Իրանը դուրս է եկել միջազգային մեկուսացումից եւ ողջ 2015թ. ընթացքում արտասահմանում իր սառեցված ակտիվներից օգտվելու հնարավորություն էր ստանում, ապա այդ իրավիճակում Սաուդյան Արաբիան ոչնչի վրա հույս դնել չի կարող, սակայն Իրանի համար էլ հեշտ չի լինելու:  «Սաուդյան Արաբիան վաղուց է հակազդում Իրանին, եւ պետք է ասել, անարդյունք: Այն, որ նրանք թուրքերի հետ միասին ռազմավարական միություն են ձեւավորել, իսկ նախքան այդ եւ մինչեւ հիմա ֆինանսավորում էին տարածաշրջանում այդ գլխակերներին, չի օգնի Սաուդյան Արաբիային»,- նշել է Կարինե Գեւորգյանը:

Ինչ վերաբերում է Իրանին, ապա, ըստ փորձագետի, իրանական կողմը ամենայն հավանականությամբ չկշռադատած, հանպատրաստից եւ հիստերիկ քայլերի չի դիմի:

Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ի հանդեպ գործում է ոչ այնքան հնազանդ եւ միաժամանակ Թուրքիայի հետ կոնսոլիդացված: «Վերջերս նրանք ռազմավարական եւ ռազմական միություն են ձեւավորել: Նրանք տարածաշրջանը վերահսկելու իրենց պլաններն ունեն: Եվ նրանք սեղմում են «գազի հենակին», սակայն դա չի նշանակում, որ նրանք, ում շահերին դա հակասում է, ձեռքները ծալած նստելու են: Իսկ դա հակասում է ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Իրանի, ե՛ւ Չինաստանի, ե՛ւ մասնակիորեն նաեւ ԱՄՆ շահերին»,- եզրափակել է իրանագետը: