Սեպտեմբերի 11-ին Հայաստանում մեկնարկում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները։

«Հայաստան 2010» զորավարժություններում կմասնակցեն 15 երկրների ներկայացուցիչներ Եվրաատլանտյան գործընկերությունից, Միջերկրածովյան երկխոսությունից, ինչպես  նաեւ 11 այլ պետություններից՝ ընդհանուր առմամբ 600 մասնակից եւ 40 դիտորդ։

Զորավարժությունները տեղի կունենան երեք փուլերով՝ նախապատրաստական աշխատանքներ, հրամանատարաշտաբային զորավարժություններ (սեպտեմբերի 11-13), երկրորդ փուլ՝ դաշտային զորավարժություններ (սեպտեմբերի 14-15), երրորդ փուլ՝ քննարկումներ եւ արդյունքների ամփոփում (սեպտեմբերի 16)։

Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունները նվիրված կլինեն տարերային աղետների հետեւանքների վերացմանը։

Կառավարության որոշմամբ «Զվարթնոց» օդանավակայանում ՆԱՏՕ-ի 2 «Բոինգ» ինքնաթիռների, ռուսական եւ ղազախական ԻԼ-76-երի սպասարկաման համար Հայաստանի ԱԻՆ փրկարարական ծառայությանը հատկացվել է 20240,0 դրամ (մոտ 55 հազար դոլար)։ Այդ ինքնաթիռները Հայաստան կբերեն դաշտային փրկարարական զորավարժությունների համար անհրաժեշտ սարքավորումներ։

Համաձայն զորավարժությունների սցենարի՝ սեպտեմբների 11-ին՝ ժամը 09։05-ին, ՀՀ Կոտայքի մարզում երկրաշարժ է տեղի ունենում, որի արդյունքում մահանում են 12 հազար, վիրավորվում 17 հազար մարդիկ։ Շարքից դուրս են եկել ջրամատակարարման եւ կոյուղու, կապի, գազա եւ էներգամատակարարման համակարգերը, տրանսպորտը, հրդեհվել են մի շարք հիվանդանոցներ, հազարավոր մարդիկ անօթեւան են մնացել։ Սցենարի համաձայն՝ վթար է տեղի ունեցել նաեւ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քիմիական գործարանում, մթնոլորտ  է նետվել 4 տոննա քլոր, վթարվել է քիմիռեակտիվներ տեղափոխող բեռնատարը։

Նաեւ, անհայտ վարակի հետեւանքով թռչնաֆաբրիկաներից մեկում սատկել են մի քանի հազար հավեր։ Սցենարի համաձայն, տուժել է նաեւ օդանավակայանը: Հայաստանը աշխարհի երկրներին խնդրում է իրեն օգնություն ցուցաբերել՝ ուղարկելով համապատասխան տեխնիկա եւ մասնագետներ։

Նշենք, որ անցած տարի «Ժետիս-2009» զորավարժությունները անցկացվել էին Ալմաթիում։ Դրան մասնակցել էին ԱՊՀ, Եվրոպայի եւ Ասիայի, ՆԱՏՕ-ի զինված ուժեր եւ Եվրոատլանտյան համակարգող կենտրոնի 20 երկրների ներկայացուցիչներ։