Սեպտեմբերի 10-ի երեկոյան ժամը 18:30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասում, Ջոն Կիրակոսյանի անվան (նախկին Ձերժինսկու) դպրոցի աստիճանների մոտ, 10-ից ավելի երիտասարդներ «Ռազբորկա» են անում (ֆոտոռեպորտաժ): Երիտասարդները եղել են հիմնականում «ՋԻՓ» մակնիշի ավտոմեքենաներով:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, մինչեւ ոստիկանության Կենտրոնի բաժնի եւ Նորք Մարաշ բաժանմունքի աշխատակիցները` Կենտրոնի ոստիկանապետի տեղակալ Գրիշա Ամիրխանյանի եւ Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ` կհասցնեին ժամանել «ռազբորկայի», երիտասարդները հասցրել են անհետանալ` դպրոցի բակում թողնելով իրենց հետ բերած ռետինե մահակները:
Դեպքի վայրում սկսել են աշխատել փորձաքրեագետները: Ականատեսները ոստիկաններին են փոխանցել փախուստի դիմած մի քանի մեքենաների համարանիշները:
Դպրոցի հարեւանությամբ ապրող բնակիչներն ասել են, որ կռվում խառնված են եղել իրենց հայտնի ոստիկան Սիմոն Աղազարյանի հարազատներից մի քանիսը: NEWS.am-ի ունեցած տեղեկություններով, Սիմոն Աղազարյանը ոստիկանության նախկին աշխատակից է, ով իրավապահ համակարգում պատասխանատու պաշտոններ է վարել: Մասնավորապես, նա եղել է ոստիկանության Խորհրդային շրջանի Ավանի բաժանմունքի պետի տեղակալ, այնուհետեւ` քրեական հետախուզության բաժանմունքի պետ:
Լուսանկարը եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























