Էր-Ռիյադում Իրանի դեսպանատան եւ Ջիդդայում գլխավոր հյուպատոսության աշխատակիցները լքել են Սաուդյան Արաբիան, տեղեկացնում է «Ալ-Արաբիան» վկայակոչելով պետական SPA լրատվական գործակալությանը, գրում է Gazeta-ն: Իրանի ԱԳՆ-ից  Sputnik գործակալությանը հաստատել են այդ տեղեկությունը:

Հունվարի 4-ին արաբական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ Իրանում Սաուդյան Արաբիայի ներկայացուցչությունների աշխատակիցներն իրենց հերթին Դուբայով վերադարձել են Էր-Ռիյադ:  

Հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն հայտարարել է   47 մարդու, այդ թվում շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի մասին: Թեհրանը կտրականապես դատապարտել է քարոզիչի մահապատիժը, Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունեցել, մասնավորապես հարձակվել են Թեհրանում Սաուդյան դեսպանատան եւ Մեշհեդում հյուպատոսության վրա: Սաուդյան արտգործնախարար Ադիլ ալ-Ջուբայրը հայտնել է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: