Ղրիմի հյուսիսում՝ Արմյանսկ քաղաքում, առավել մարդաշատ վայրերում նախատեսվում է տեսահսկման համակարգեր տեղադրել։

Ինչպես հայտնել է Արմյանսկի քաղաքապետ Վալենտին Դեմիդովը,  դա նախատեսված է «Անվտանգ քաղաք» ծրագրի շրջանակներում։

Դեմիդովի խոսքով, ծրագիրը, մասնավորապես, ուղղված է Արմյանսկի փողոցներում հանդիպող վանդալիզմի դեմ պայքարին։ Սակայն դրա հիմանական նպատակը քաղաքաբնակների անվտանգության բարձրացումն է եւ քրեածին իրավիճակի լավացումը։

Ծրագիրը նախատեսում է տեսահսկման համակարգեր տեղադրել առավել մարդաշատ վայրերում՝ խաչմերուկներում, ավտոճանապարհներին, դպրոցներում, հիվանդանոցներում, առեւտրի կենտրոններում, ավտոլիցքավորման կետերում։

Ծրագիրը կֆինանսավորվի տարբեր աղբյուրների հաշվին, այդ թվում՝ քաղաքային իշխանությունները հույսը դնում են նաեւ պետության վրա։