Վլադիկավկազի ահաբեկչության ժամանակ մահացած Հայաստանի քաղաքացի, Գյումրիի 34-մայ բնակիչ Արսեն Էլբակյանի դիակի տեղափոխումն ընթացքի մեջ է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Հարավային դաշնային շրջանում Հայաստանի Գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը։ Նրա խոսքով, այդ հարցում ոչ մի դժվարություն չի կարող լինել։
«Ներկայումս արվում է հնարավոր ամեն բան, որպեսզի որքան հնարավոր է շուտ, մեր հայրենակցի մարմինը հասցվի Հայաստան»,- նշեց նա։
Հարցին, թե ինչպե՞ս է ահաբեկչության ժամանակ վիրավորված մյուս հայերի վիճակը, Գոմցյանը պատասխանեց, որ նրանց ընդհանուր թիվը հասնում է 8-ի։ Նշենք, որ վիրավորների թվում է նաեւ զոհված Արսեն Էլբակյանի եղբայրը՝ Արթուր Էլբակյանը։ «Վիրավորների վիճակը ծանր է, բայց ոչ՝ ծայրահեղ։ Նրանք բժշկական օգնություն են ստանում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ամփոփեց հյուպատոսը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 9-ին Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչությունը խլել էր 17 մարդու կյանք՝ չհաշված ահաբեկիչ-մահապարտին։ Նրանց թվում են Վրաստանի, Հայաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներ։




























