ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանից «Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին» բանաձեւի հետաձգումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համակարգված աշխատանքի արդյունք է։ Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նա նաեւ նշեց, որ միջազգային կառույցներ նմանօրինակ բանաձեւեր ներկայացնելով՝ Ադրբեջանը գործնական նպատակներ չի դնում, քանի որ այդ փաստաթղթերը հիմնականում խորհրդատվական բնույթ են կրում։ «Այս կերպ Ադրբեջանն առաջ է տանում իր քարոզչական աշխատանքը»,- նկատեց փորձագետը։
Խոսելով հաճախ հնչող այն կարծիքների մասին, թե Հայաստանը քարոզչության հարցում պետք է օրինակ վերցնի Ադրբեջանից, Իսկանդարյանը նշեց. «Ես չեմ կարծում, որ Երեւանն այս հարցերում պետք է հետեւի Բաքվի օրինակին, քանի որ միջազգային կառույցներում Ադրբեջանը պարտված երկրին հատուկ քաղաքականություն է վարում»։





























