Յուրաքանչյուր մասնագետ պետք է իմանա իր գործի արժեքը: Այսօր՝ սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճանաչված կինոդերասան Արտաշես Ալեքսանյանը, եւ խորհուրդ տվեց սերիալներում պատահականորեն հայտնված երիտասարդ դերասաններն ու ոչ դերասաններին արտիստական դպրոց անցնել: «Էն օրը մի տաքսու վարորդ ասում է՝ ախպեր ո՞նց անենք, որ մենք էլ ֆիլմերում նկարվենք։ Ասի՝ ո՞նց անենք, որ մենք էլ տաքսիստ դառնանք»,-կես կատակ ասաց դերասանը՝ միաժամանակ հավելելով, որ յուրքանչյուր ոք պետք է իր գործով զբաղվի: Կինոդերասանը իր դժգոհությունը հայտնեց սերիալների վերաբերյալ, նշելով, որ դրանցում ոչ պրոֆեսիոնալ մարդկանց ներգրավելով՝ դերասանի մասնագիտությունն ակամա դարձավ սովորական երեւույթ:
«Յուրաքանչյուր մարդ, ով ցանկանում է դառնալ արտիստ, պետք է տիրապետի իր գործի արհեստին: Պատահական մարդկանց մուտքը դեպի դերասանական արվեստ, հանգեցրեց նրան, որ դերասանի կամ արտիստի գործը դարձավ սովորական եւ հասանելի բոլորին: Ստացվեց՝ ես էլ կարամ, դու էլ կարաս, Պողոսն էլ կարա։ Սակայն հանդիսատեսը զգում է անբնական խաղը։ Պրոֆեսիոնալը պետք է խաղա դերերում, նա, ով հասկանում է, որ պետք է երկխոսություն լինի, պաուզա լինի»,-մտահոգություն հայտնեց Ալեքսանյանը: Նրա կարծիքով՝ շատ դերասաններ այսօր իբր խաղում են կերպարներ, բայց չգիտեն, թե որն է «կերպարի հիվանդությունը»: «Ամեն մարդ էլ ինչ-որ մի կետ ունի, մեկի գլուխն է ցավում, մեկի ոտքը, որ ինքը գիտի միայն։ Արտիստը պարտավոր է դա ներկայացնել։ Օրինակ՝ Օթելլոն էպիլեպսիկ է, դա պետք է ցույց տաս, կարդաս, իմանաս, մտնես կերպարի հոգեբանության մեջ»,-մասնագիտական խորհուրդ տվեց դերասանը:




























