Չինական  «Ehang» ընկերությունը Լաս Վեգասի CES ցուցահանդեսին ներկայացրել է ուղեւորների փոխադրման համար առաջին անօդաչու սարքը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով  «The Guardian»-ին:

Գուանչժոուից արտադրողի տվյալների համաձայն, էլեկտրական  «Ehang – 184» քվադրոկոպտերը կարող է մինչեւ 100 կգ քաշով մեկ ուղեւոր տեղափոխել եւ նախատեսված է գետնից բարձր 300 – 500 մետր բարձրության վրա թռչելու համար: Այն զինված է չորս պտուտակներով եւ ի վիճակի է մինչեւ  100 կմ/ժամ արագություն զարգացնել:  Թռիչքի առավելագույն բարձրությունը  3,5 հազար մետրի է հասնում: Թռիչքի  23 րոպեի համար սարքը երկուսից չորս ժամ լիցքավորում է պահանջում:  

«Ehang»-ի ներկայացուցիչները պատմել են, որ ընկերությունն արդեն թեստային թռիչքներ է իրականացրել մեկ մարդու մասնակցությամբ եւ հաջորդ քայլը սարքի գրանցման հարցի լուծումն է:  Ենթադրվում է, որ ուղեւորներին օդաչուի արտոնագիր պետք չի լինի: Շան Սյաոն` ընկերության հիմնադիրն ու գլխավոր ֆինանսական տնօրենը տեղեկացրել է, որ անօդաչու սարքը պիտի հենց այս տարի վաճառքի հանվի, իսկ գինը 200 հազարից 300 հազար դոլար կկազմի: