Ամերիկյան «Jellyfish Art» ընկերությունը մեդուզաների համար գլանի արտադրության դրամահավաք է հայտարարել: Չնայած առաջին հայացքից դրանում արտասովոր ոչինչ չկա, այդ ապրանքն իրոք բարդ կառուցվածք ունի: Հետո էլ իր տեսակի մեջ առաջինն է. ավելի վաղ ուղղակի անհնար էր տնային պայմաններում մեդուզաներ պահել, նշում է Նորարարությունների եւ զարգացման գործակալությունը:
Եթե փորձեք նույնիսկ մի փոքրիկ մեդուզա տեղավորել աղաջրով ակվարիումում, խնդիր է առաջանում. մեդուզաներին օդամղիչ է անհրաժեշտ, բայց ակվարիումային ստանդարտ կոմպրեսորի օգտագործումը նրանց համար կործանարար է: Գործող կոմպրեսորի կողքին այս արարածները մի կողմ կքշվեն, չեն կարողանա ոչ սնվել, ոչ էլ տեղաշարժվել անհրաժեշտ ուղղությամբ:
Մեդուզաների համար նանոգլանը առաջին զանգվածային արտադրանքն է, որը թույլ է տաիս մոռանալ նման բարդությունների մասին: Նրա ակրիլային թափանցիկ, սեղմված վերին հատվածն ամրանում է ավելի ամուր, կարծր սկավառակի հիմքին, ընդ որում այդ հիմքի խորքում մեմբրանային ֆիլտրեր են ներկառուցված: Այդ ֆիլտրերով գլանում առկա ջրի մեջ օդ է ներմղվում: Մեմբրաններում ծակոտիները նանոչափեր ունեն, դրանց միջոցով բաց թողնվող պղպջակները` եւս, եւ տարայի մեջ են ներմուծվում հատուկ լուծիչների միջոցով: Դրա շնորհիվ օդի փոքր պղպջակների ներմղման հետեւանքով առաջացած օդի հոսանքները շրջահոսում են մեդուզայի վրայով` չվնասելով նրան:
7,5 լ տարողությամբ մի գլանում կարելի է մինչեւ երեք ականջավոր մեդուզա պահել, որպիսիք ապրում են Ռուսաստանի Սեւծովյան առափնյա շրջանում: Նախագծի համար դրամահավաքը դեռ չի ավարտվել: Սակայն այժմ արդեն ընկերությունը մոտ կես միլիոն դոլար է ստացել, որը նախատեսված գումարից զգալիորեն ավելի շատ է (50000 դոլար): Առանց մեդուզաների մեկ նանոգլանը մոտավորապես 150 դոլար կարժենա, իսկ դրա վաճառքը խոստացել են սկսել արդեն եկող տարի:




























