Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստիրկինը անձնական  վերահսկողության տակ է առել Բելգորոդի հիվանդանոցում բժշկի հարվածի հետեւանքով  հիվանդի մահվան փաստով դատական գործը: Այդ մասին տեղեկացնում է ՔԿ-ի տարածած մամուլի հաղորդագրությունը: 

«ՔԿ-ի նախագահը լսել է Բելգորոդի շրջանի քննչական վարչության ղեկավարի զեկույցը Բելգորոդի հիվանդանոցում բժշկի անզգուշության հետեւանքով հիվանդի մահվան պատճառների հետաքննման քրեական գործի մասին:  Հասարակական հնչեղությունը հաշվի առնելով` Ալեքսանդր Բաստիրկինն անձնական վերահսկողության տակ է առել գործը եւ հրահանգել է քրեական գործը հետագա քննության համար շրջանային քննչական բաժանմունքից տեղափոխել Բելգորոդի մարզի քննչական վարչության աշխատակազմի  վարույթ», - տեղեկացրել է ՔԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Բաստիրկինը նաեւ պահանջել է ամեն 10 օրը մեկ իրեն զեկուցել քննության ընթացքի մասին, գրում է  Gazeta.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բելգորոդի հիվանդանոցում անզգուշության հետեւանքով հիվանդին սպանած բժիշկը հեռացվել է աշխատանքից եւ քաղաքից չբացակայելու ստորագրություն է տվել: Անվտանգության տեսախցիկի կադրերից դատելով, բժիշկը հիվանդին սպանել է մեկ հարվածով: