Թուրքիայի Ստամբուլ քաղաքի կենտրոնական հրապարակում քրդերի ցույցի ժամանակ ոստիկանությունը կրակ է բացել, բայց ոչ թե ցուցարարների վրա, այլ` օդ:
Ինչպես հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը` ցուցարարները հավաքվել են քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կոչով եւ մանիֆեստ են կարդացել, որը դատապարտում է թուրքական իշխանությունների բռնությունները քրդերի դեմ, որից հետո բախում է սկսվել:
Բախման արդյունքում, քուրդ ցուցարարները կոտրել են մոտակա հյուրանոցի ապակիները, ավերակի վերածել երեք մեքենաներ, որոնցից մեկը ոստիկանական, հաղորդում է ZMAN-ը:
Թուրք ոստիկանների եւ քուրդ ցուցարարների միջեւ բախում է տեղի ունեցել նաեւ Վանում, որտեղ քուրդ ցուցարարները բողոքել են սեպտեմբերի 9-ին Շիրնակում Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) 9 ապստամբների սպանության դեմ:
Ակցիայի ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել, որից հետո մի քանի քրդեր քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Քրդամետ պատգամավորներ Օզդալ Ուչերը եւ Ֆաթմա Քուրթուլանը տուժել են արցունքաբեր գազից եւ տեղափոխվել հիվանդանոց: Ոստիկանությունը ձերբակալել է 5 ցուցարարի:
Ներկայումս լարվածությունը Վանում պահպանվում է: Քաղաքը լիքն է ոստիկաններով:





























