Իրաքի կառավարությունը Իրանին է հանձնել Իրան-իրաքյան պատերազմում (1980-1988) զոհված 93 իրանցի զինվորականների աճյունները։ Ինչպես հայտնում է IRINN իրանական հեռուստաալիքը, արարողությունը տեղի է ունեցել իրան-իրաքյան սահմանին՝ Շալամչա անցակետում։ «93 իրանցի զինծառայողների աճյուններ այսօր հանձնել են Իրանի իշխանություններին Շալամչա սահմանային անցակետում»,- հայտնում է հեռուստաալիքը։ Դրանք հիմնականում 1988թ. Ֆաո թերակղզում մարտերի ժամանակ զոհվածների մարմիններն են։
Երկուշաբթի դագաղները պետք է տեղափոխվեն Ահվազ քաղաք, որտեղ էլ տեղի է ունենալու սգո արարողությունը։ Երեքշաբթի նրանց մարմինները պետք է հանձնեն հողին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Իրան-իրաքյան պատերազմի զոհերի վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան։ Տարբեր տեղեկություններով՝ երկու կողմերն ունեցել են 500 հազարից 1.5 մլն զոհ։ Հրադադարի հաստատման պայմանագիրն ուժի մեջ է մտել 1988թ. օգոստոսի 20-ին։




























