Ադրբեջանում ձերբակալել են եւս մեկ մարդու, ով կասկածվում է Լենքորանի շրջանում մզկիթի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությանն առնչություն ունենալու մեջ:
Ադրբեջանական APA գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ-ին, հաղորդում է, որ ոստիկանության գործողությունների արդյունքում ձերբակալվել է ոմն Սադիգ Հասանով, ով կասկածվում է սեպտեմբերի 3-ին Էլշան Հուսեյնովի սպանության եւ Ռամին Աղամողլանովին վնասվածքներ հասցնելու մեջ: Այսպիսով, այդ գործով ձերբակալվածների թիվը հասել է 12-ի:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 3-ի գիշերը Լենքորանի շրջանում Գումբաշի գյուղի մզկիթի մոտ զինված միջադեպ էր գրանցվել: Հանցագործները Winchester մակնիշի հրացաններից կրակ էին բացել մզկիթի մոտ հավաքված գյուղացիների վրա։ Ստացած վնասվածքներից մահացել էր նույն գյուղի բնակիչ Էլշան Հուսեյնովը։ Մեկ այլ գյուղացի տեղափոխվել էր հիվանդանոց:
Հատկանշական է, որ միջադեպի մասին ադրբեջանական լրատվամիջոցները ոչինչ չէին հաղորդել։ Ալիեւյան կլանի՝ լրատվամիջոցների վրա ունեցած վերահսկողության պայմաններում, միջադեպի մասին հայտնի էր դարձել միայն դրա կազմակերպչին ձերբակալելուց հետո:





























