Թուրքական իշխանությունների կողմից գործող սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունների նպատակը փորձ է՝ ավելի ամրապնդել իրենց քաղաքական դիրքերն, ինչպես նաեւ մեծացնել իրենց շանսերը եկող խորհրդարանական ընտրություններում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել թուրքագետ Արթուր Հակոբյանը: Նրա խոսքով՝ Թուրքիայի ներքին քաղաքականության վրա հանրաքվեի դրվող փոփոխությունները ազդեցություն չեն ունենա: Նա նաեւ ընդգծեց, որ սահմանադրական փոփոխությունները որեւէ ազդեցություն չեն ունենա Անկարայի եւ Երեւանի հարաբերությունների վրա:

Չնայած այն հանգամանքին, որ ողջ թուրքական ընդդիմութունը դեմ է արտահայտվում փաստաթղթին, փորձագետի կարծիքով, իշխող կուսակցության ընտրազանգվածին կհաջողվի անցկացնել սահմանադրական փոփոխությունները: «Սակայն պետք է ընդգծել, որ ներկայումս ընդդիմադիր կուսակցությունները իսկական մենամարտ են սկսել փաստաթղթի դեմ: Օրինակ՝ քրդական կուսակցություններն իրենց կողմնակիցներին հորդորում են դեմ քվեարկել փոփոխություններին, քանի որ դրանով չի լուծում քրդական հարցը: Մյուս ընդդիմադիր կուսակցությունները կարծում են, որ փաստաթուղթը Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում ոչ մի ռեալ փոփոխություն չի մտցնի: Մյուսներն էլ կարծում են, որ կողմ քվեարկելով սահմանադրական փոփոխություններին՝ Թուրքիան կորցնում է նոր Սահմանադրություն ընդունելու շանսը: Իսկ «Ազգայնական շարժում» կուսակցությունը փաստաթուղթը համարում է ընդհանրապես ապազգային եւ գտնում է, որ այն ընդունելու դեպքում Թուրքիան կբաժանվի հայերի եւ քրդերի միջեւ, կճանաչվի Հայոց Ցեղասպանությունը»,-բացատրեց Հակոբյանը: Սակայն, ըստ նրա «Ազգայնական շարժման» մեղադրանքները անհիմն են, քանի որ փաստաթղթի ընդունումը ոչ մի ձեւով չի նպաստի Ցեղասպանության ճանաչմանը, առավել եւս՝ Թուրքիայի բաժանմանը`  քրդերի եւ հայերի մեջ:

Նշենք, որ Սահմանադրական հանրաքվեն Թուրքիայում անցկացվելու է սեպտեմբերի 12-ին: