Սեպտեմբերի 11-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Կարոտ» հայկական փառատոնի հիմնադիր, Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահ Մեցո Իգիթյանին:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի նախագահը նշել է, որ Հայաստանում եւ ԼՂՀ-ում օրերս անցկացված «Կարոտ» փառատոնի մասին դրական արձագանքներ են ստացվել Հայաստանի եւ արտերկրի արվեստասերներից ու մշակույթի գործիչներից: Սա նշանակում է, որ փառատոնը հաջողությամբ է կատարում հայ մշակույթի տարածմանն ու միջազգայնացմանը նպաստելու իր առաքելությունը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հաջորդ տարի «Կարոտ» հայկական փառատոնը Փարիզում անցկացնելու առաջարկին, որն աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիեի հետ Երեւանում հանդիպման ժամանակ հնչեցրել էր ՀՀ Ազգային ժողովի նախագահը` ֆրանսիացի դերասանին գլխավոր դեր վերապահելով այդ փառատոնում: Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել փառատոնի նախապատրաստմանն ու անցկացմանը:
Մեցո Իգիթյանը Հայ մշակույթի զարգացման հիմնադրամի անունից հուշանվեր է հանձնել Ազգային ժողովի նախագահին:





























