Սաուդյան Արաբիան ձգտում է թույլ չտալ ԱՄՆ-Իրան մերձեցումը։ Այս մասին հունվարի 11-ին կայացած մամուլի ասուլիսի  ժամանակ ասել է քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ Իրան-Սաուդյան Արաբիա էսկալացիայի մյուս պատճառը  Սաուդյան Արաբիայում թագավորական իշխանության նոր ճյուղի հավակնություններն են. թագավոր Սալմանի գահը որդուն անցնելու գործընթացը հնարավորինս հարթ եւ վստահ ապահովելը։ «Սալմանի որդին՝ Մուհամմեդ բեն Սալմանը երկրի պաշտպանության նախարարն է եւ գահի 2-րդ ժառանգը։ Երկրի ՆԳ նախարար Մուհամմեդ բեն Նաիֆի հետ խնդիր  է ծագել գահը ժառանգելու շուրջ։ Առաջին անգամ դա տեղի է ունենալու ոչ թե պետության հիմնադրի որդիների միջեւ, այլ երրորդ սերնդի ներկայացուցիչների»,- նշել է Մարտիրոսյանը։

Նրա կարծիքով այդ արկածախնդիր քայլը, արքայազն Մուհամմեդ Բեն Սալմանի հաշվարկներով, պետք է նրան ներքին լեգիտիմություն ապահովի եւ հնարավորություն տա իրեն դրսեւորել ուժեղ ռազմական առաջնորդի որակներով։ «Այդ քաղաքականության առաջին փուլն արդեն նկատվում էր Եմենում, որտեղ ռազմական արշավը սկսվել է հենց Մուհամմեդ բեն Սալմանի նախաձեռնությամբ»,- նշել է փորձագետը։