Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) այսօր` սեպտեմբերի 11-ին հրապարակած զեկույցում նշվում է, որ համաշխարհային տնտեսության աճը 2010 թ. վերջում առավել հավանական է, որ կդանդաղի։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։
Կազմակերպության փորձագետների կարծիքով՝ դա տեղի կունենա այն պատճառով, որ շատ երկրների կազմակերպություններ ի վիճակի չեն լինի գլուխ հանել իրենց պարտքային պարտավորություններից, իսկ ֆինանսական սեկտորը շարունակում է դժվարություններ զգալ։
Բացի այդ՝ զեկույցում թվարկված են այն գործոնները, որոնք կարող են էլ ավելի վատթարացնել իրավիճակը, օրինակ՝ ԱՄՆ անշարժ գույքի շուկայի անկումը։ Հենց ամերիկյան անշարժ գույքի շուկայից սկսվեց համաշխարհային ֆինանսական ճգնաժամը։ ԱՄՀ-ն նախազգուշացնում է, որ եթե հիփոթեքի գծով չվճարումների քանակն ավելանա, ապա վարկային շուկան նորից կխարխլվի։
Չի բացառվում նոր խնդիրների առաջացումը պետությունների մակարդակով, ինչպիսին եղավ Հունաստանում, ինչը անհրաժեշտություն դարձրեց 100 մլն եվրո վարկի հատկացումն այդ երկրին։
ԱՄՀ զեկույցը նկարագրում է բավական մռայլ իրավիճակ։ Երաշխավորությունների բաժնում ասվում է, որ զարգացած երկրների կառավարությունները պետք է ձգտեն կրճատել բյուջեների դեֆիցիտները։
Զարգացող երկրներին ԱՄՀ-ն խորհուրդ է տալիս ուշադրությունը բեւեռել ոչ այնքան արտահանման, որքան ներքին պահանջարկի խթանման վրա։




























