Հայաստանում գործող վենչուրային «Granatus Ventures» հիմնադրամը պատրաստ է եւս 4 – 5 նախագիծ ընդունել ի հավելումն առկա 8-ի: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է հիմնադրամի համահիմնադիր եւ կառավարիչ Մանուկ Հերգնյանը:
Այժմ հիմնադրամի պորտֆելում 8 ընկերություն կա, հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների (համակարգչային ծրագրերի մշակման 7 ընկերություն եւ մեկ` տեղական ցանցերի համար սարքերի նախագծող): Վենչուրային ֆինանսավորում ստացած նախագծերի թվում են ռեստորանների եւ խանութների համար առցանց պատվերների, գիշերակացների պաշտպանության, ամպային պահեստարաններում ֆայլերի պահպանման համակարգերը, ծրագրավորման ուսուցման հարթակը եւ այլն:
Սկսնակ արդյունաբերողները կամ հողագործները առայժմ վենչուրային ընտրությունը չեն անցել, բայց «Granatus»-ը շարունակում է դիտարկել հնարավոր բոլոր հայտերը: «Հայաստանում առաջարկները այնքան շատ չեն, բայց մենք շարունակում ենք հետեւել: Ներկա ֆինանսավորմամբ կարող ենք մեր պորտֆելը հասցնել մինչեւ 10 – 12 ընկերություն: Իսկ այժմ բանակցություններ ենք անցկացնում ֆինանսավորման մեծացման ուղղությամբ», - հավելել է նա:
«Granatus Ventures»-ը հիմնադրվել է 2013-ին` 6 մլն դոլար կապիտալով, որից 50 տոկոսը ֆինանսավորել է Հայաստանի կառավարությունը: Հիմնադրամի համահիմնադիրներն են Մանուկ Հեգնյանը (Երեւան), Երվանդ Սարգսյանը (Լոնդոն) եւ Պիեռ Հեննեսը (Սինգապուր):



























