Թուրքական իշխանությունների կողմից իրականացվող սահմանադրական բարեփոխումները նախեւառաջ քաղաքական, նոր միայն  բարեփոխման նպատակներ են հետապնդում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ղեկավար Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով, թուրքական իշխանությունները այսկերպ առաջին հերթին փորձում են իրենց ազդեցությունը տարածել երկրի դատաիրավական համակարգի վրա։ Ինչ վերաբերում է բարեփոխումներին, ապա փորձագետի կարծիքով, դրանք աննշան են։ «Փաստաթղթի ընդունումը ոչինչ չի փոխի Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերություններում»,- նկատեց նա՝ ավելացնելով, որ թեեւ ԵՄ-ն ողջունել է փաստաթղթի ընդունումը, սակայն այն անբավարար է համարել։

«Սակայն ինչպիսին էլ լինի հանրաքվեի արդյունքը, քաղաքական իրավիճակը Թուրքիայում կթեժանա։ Իշխանության եւ քեմալականների միջեւ հարաբերությունները կսրվեն ընտրությունների շեմին։ Երկրի քաղաքական շատ ուժեր կշարունակեն պահանջել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- կանխատեսեց Սաֆրաստյանը։

Փորձագետը նաեւ նշեց, որ փաստաթղթի ընդունումը ոչ մի կերպ չի անդրադառնա Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների եւ հատկապես Ցեղապանության ճանաչման վրա, ինչպես պնդում են Թուրքիայի որոշ ընդդիմադիր ուժեր։

Նշենք, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն Թուրքիայում կկայանա սեպտեմբերի 12-ին։