Թեհրանի ու Էր Ռիադի միջեւ հակամարտության հետեւանքով Սաուդյան Արաբիան կարող է անհետանալ աշխարհի քարտեզի վրայից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի Մերձավոր արեւելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ նպատակներ է հետապդում լարվածության ուժգնացումը, արեւելագետը շեշտել է. «Ոչ մի նպատակ էլ չի հետապնդում: Շիա-սուննի պատերազմն ավելի քան 1300 տարվա պատմություն ունի, սա հին հակամարտություն է»: Պատասխանելով դիտարկմանը, որ շատ են խոսում Իրանի հետ ԱՄՆ-ի մերձեցմանը խոչընդոտելու՝ Սաուդյան Արաբիայի մտադրությունների մասին, Սատանովսկին նշեց. «Դե, Սաուդյան Արաբիան կարող է ցանկանալ, ինչ կամենա, բայց դժվար թե դա նրան հաջողվի: Միացյալ նահանգներն արել է իր ընտրությունը ու չի փոխի այն»:
Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունները կտրուկ սրվեցին այն բանից հետո, երբ հունվարի 2-ին սաուդյան իշխանությունները մահապատժի ենթարկեցին շիա քարոզիչ, շեյխ Նիմր Բաքր ալ-Նիմրին ու 46 այլ դատապարտյալների: Նրանց բոլորին մեղադրել էին ահաբեկչության մեջ: Թեհրանը կտրուկ քննադատել է Էր- Ռիյադի գործողությունները, դրա հետ միաժամանակ հարձակում էր իրականացվել Իրանում սաուդյան դեսպանատան վրա: Անմիջապես դրանից հետո, հունվարի 3-ի երեկոյան, Սաուդյան Արաբիան հայտարարեց Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:


























