Իրանցի մասնագետները, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով ստանձնած պարտավորությունների համաձայն, ավարտել են Արաքի ռեակտորի միջուկի ապամոնտաժումը: Այս մասին հաղորդում է իրանական Fars գործակալությունը: Հիմա ռեակտորի միջուկի ապամոնտաժման փաստը պետք է հաստատի ՄԱԳԱՏԷ-ն:
Ռեակտորի ապամոնտաժումը 2015 թվականի հուլիսին Վիեննայում Իրանի եւ միջազգային միջնորդների «վեցյակի» միջեւ ձեռք բերված համաձայնության պայմաններից էր: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ապամոնտաժման արդյունքում ռեակտորը չի կարողանա սպառազինության համար նախատեսված պլուտոնիում մշակել:
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի համաձայն, Իրանն իր ցենտրիֆուգների թիվը կրճատելու է երկու երրորդով՝ 19 հազարից հասցնելով 6.100-ի: 5.060 ցենտրիֆուգներ կլինեն Նաթանզայի միջուկային կենտրոնում, որտեղ ուրան կհարստացնեն 10 տարվա ընթացքում:
Ուրանի հարստացման Ֆորդոյի գործարանում, որը միջուկային ֆիզիկայի ոլորտում գիտական հետազոտությունների կենտրոնի կվերածվի, 1.044 ցենտրիֆուգ կմնա:
Փաստաթղթի այս փուլի ավարտից հետո գործարքի մյուս կողմը պետք է սկսի իրականացնել իր պարտավորությունները՝ չեղարկի Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները:




























