Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ զոհված  Հայաստանի քաղաքացի Արսեն Էլբակյանի դիակը տեղափոխվել է հայրենիք: Այս մասին հայտնել է Ռուսաստանի հարավային դաշնային օկրուգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը, հավելելով, որ թաղման արարողությունը տեղի կունենա մոտ օրերս:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Վլադիկավկազի շուկայում սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերից մեկը Հայաստանի 34-ամյա քաղաքացի, Գյումրիի բնակիչ Արսեն Էլբակյանն է: Ահաբեկչության արդյունքում զոհվել են նաեւ երկու հայեր, ովքեր Ռուսաստանի քաղաքացիներ են: Նրանցից մեկը 60-ամյա Սերգեյ Գրիգորյանն է:

Նշենք, որ մահապարտ-ահաբեկիչը «Վոլգա» ավտոմեքենան պայթեցրել էր սեպտեմբերի 9-ի առավոտյան՝ Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մոտ: Ռումբի հզորությունը կազմել է 30-40 կգ տրոտիլային համարժեքով: Վերջին տվյալներով, զոհերի թիվը կազմում է 17 մարդ: Վիրավորվել են 137 մարդ, հիվանդանոցներում մնում են 121 մարդ: