Երեւանում երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է ReAnimania անիմացիոն ֆիլմերի կինոփառատոնը: Այս տարի փառատոնի շրջանակներում առաջին անգամ  անցկացվում է նաեւ MarAni (Market of Animation - Անիմացիայի շուկա) բիզնես-ֆորումը, որին մասնակցում են անիմացիոն ստուդիաները եւ ՏՏ ոլորտում գործող այն ընկերությունները, որոնք այս կամ այլ կերպ կապ ունեն անիմացիոն ոլորտի հետ։

Բիզնես- ֆորումի պաշտոնական բացումը տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ին: MarAni բիզնես-ֆորումի տնօրեն Հայկ Ասրիյանցի խոսքով` բիզնես- ֆորումի շրջանակներում գործում է 14 տաղավար, ուր ներկայացված են մոտ 22 կազմակեպություններ: Հ. Ասրիյանցի տեղեկացմամբ` բիզնես- ֆորումում կան ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից Գերմանիայից եւ Արգենտինայից:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարության պետ Վաչե Կիրակոսյանը փառատոնի բացման իր խոսքում ասաց, որ Հայաստանում սկսել է կարեւորվել մուլտիմեդիայի բնագավառը: «Մենք նախատեսում ենք մուլտմեդիայի ուսուցողական լաբորատորիա ստեղծել Գյումրիի տնտեսական զարգացման հիմնադրամի շրջանակներում: Նախատեսում ենք որոշակի ուսուցողական ծրագրեր իրականացնել նաեւ դպրոցներում»,- ասաց Վ. Կիրակոսյանը:

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրենի Գուրգեն Պարոնյանի խոսքով` Գյումրիում մուլտիմեդիայի ուսուցողական լաբորատորիան ստեղծվելու է 2011 թվականին՝ Գյումրիի տեխնոպարկի ծրագրի շրջանակներում: Գ. Պարոնյանի խոսքով նախատեսվում է դեռահասների համար բացել նաեւ անիմացիոն ակումբ, որը այդ ասպարեզում նրանց ներկայանալու եւ ինքնաարտահայտվելու հնարավորություն կտա: