Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի գլխավորած «Մեր Ուկրաինան» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահությունը հրաժարական է տվել: Միաձայն նման որոշում է կայացվել կուսակցության քաղխորհրդում սեպտեմբերի 11-ին, հաղորդում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:

«Մեր Ուկրաինան» կուսակցության առաջնորդ Յուշչենկոն, հանդես գալով կուսակցության քաղխորհրդում, կոչ է արել իր կուսակիցներին գնահատական տալ կուսակցության գործունեությանը նախագահական ընտրությունների ժամանակ:

«Ընտրություններն ավարտվել են այնպես, ինչպես ավարտվել են, բայց կուսակցությունն ապրում է ոչ միայն ընտրությունից ընտրություն»,- ասել է Յուշչենկոն, նշելով, որ «հրաժարական տված կուսակիցները այն մարդիկ չէին, որ բոլորից շատ սխալներն էին թույլ տվել կուսակցությունում»:

«Մեր Ուկրաինան» կուսակցության քաղխորհրդում նաեւ որոշում է կայացվել սեպտեմբերի 24-ին արտահերթ համագումար հրավիրելու մասին, որտեղ կընտրվի նոր քաղխորհուրդ: