Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է առաջիկա շաբաթվա ընթացքում թույլատրել այլ կենդանիների՝ մասնավորապես խոզերի ու գառների մարմնում մարդկային օրգանների աճեցումը, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով The Telegraph-ը:
Այս նպատակով բրիտանական Հոում գրասենյակի կենդանիների հարցերով գիտական հանձնաժողովը (որը համարժեք է ներքին գործերի նախարարությանը) այս շաբաթ ծրագրել է հրապարակել քիմերաների ( մարդու առանձին օրգաններով կենդանիների ) գործածման վերաբերյալ առաջին ուղեցույցը:
Հանձնաժողովը մտադիր է ցույց տալ, որ կենդանիների մարմնում մարդկային օրգաններ աճեցնելը հեռանկարային ու անվտանգ է: Գիտնականների կարծիքով, դրա շնորհիվ հնարավոր կլինի լուծել դոնորական օրգանների ( սրտի, երիկամների ու լյարդի ) պակասի խնդիրը:
Մարդկային օրգանների աճեցման համար առավել հեռանկարային կենդանիներն են համարվում խոզերն ու գառները: Գիտնականները նշում են, որ նոր օրգանների անհամատեղելիության հարց չի ծագի, քանի որ դրանց աճեցման համար օգտագործվելու են ներպատվաստման կարիք ունեցող մարդու ցողունային բջիջները:
Ըստ բրիտանական օրենսդրության, զոհված մարդու ազգականները կարող են արգելել նրա օրգանների փոխպատվաստումը նույնիսկ այն դեպքում, եթե այդ մարդը կենդանության օրոք թույլատրել էր դա: Բացի դրանից, ինչպես նշում է պարբերականը, այս պահին բժիշկները բախվել են փոխպատվաստման նպատակով գործածվող օրգանների անորակության խնդրին: Փորձագետները դա բացատրում են բնակչության ծերացումով ու ավելորդ քաշով մարդկանց քանակի աճով:
ԱՄՆ-ում արդեն գիտական նպատակներով փորձարկումներ են կատարվում քիմերաների հետ (բայց աճեցված օրգանները մարդկանց չեն ներպատվաստում): «Մենք կարող ենք ստեղծել սիրտ չունեցող կենդանի: Մենք ստեղծել են խոզեր, որոնք չունեն կմախքի մկանային հյուսվածք ու արյունատար անոթներ»,- պատմել է սրտաբան Դենիել Հարրին՝ Մինեսոթայից:



























