Ստամբուլի Սուրբ Սոֆիա տաճարում սեպտեմբերի 17-ին պատարագ է մատուցվելու: Չնայած նրան, որ վերջին ժամանակներս Թուրքիայում «պատարագային» ակտիվություն է նկատվում եւ այդ երկիրն սկսել է քրիստոնեական հոսանքների ներկայացուցիչներին հրավիրել պատարագի իրենց իսկ վանքերում ու եկեղեցիներում, որոնք պատմական հանգամանքների բերում հայտնվել են Թուրքիայի տարածքում, Սուրբ Սոֆիայի տաճարի պարագայում ամեն բան այդքան պարզ չէ: Բանն այն է, որ ի սկզբանե, Սուրբ Սոֆիա տաճարում պատարագ անցկացնելու թույլտվություն տալու խնդրանքով թուրքական իշխանություններին է դիմել «Այա Սոֆիայի ժողով» միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիս Կիպրուն: Մամուլի ասուլիսում նա պաշտոնապես կարդաց Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված դիմումը` պատարագի թույլտվություն ստանալու համար: Թեեւ Թուրքիայում պատրաստվում են հյուրերի այցելությանը, սակայն օրերս հայտնի դարձավ, որ ոչ մի թույլտվություն էլ չի եղել:
Ինչպես գրում է «Օմոնիա» թերթը, դա «չի խանգարի ցանկացողներին սեպտեմբերի 17-ին` Սուրբ Սոֆիայի օրն այցելել գլխավոր ուղղափառ սրբություններից մեկին»:
«Այա Սոֆիայի ժողով» միջազգային հիմնադրամի մամուլի քարտուղար Կիրիակի Կոնդուլոպոլուն թերթի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ ինքն ու իր համախոհները մեկնելու են Կոնստանդնուպոլիս (Ստամբուլ) խաղաղությամբ ու հույսով: «Մենք ցանկանում ենք այդ սուրբ օրը լինել այնտեղ, եւ կարեւոր չէ, որ պաշտոնապես պատարագը չի թույլատրվել: Այն կարող է կայանալ մեր սրտերում: Այցելության գլխավոր նպատակը թուրքական իշխանություններին հասցնելն է, որ «Այա Սոֆիային» տրվի եկեղեցու կարգավիճակ: Մենք չենք ցանկանում, որ պատարագը լինի միանգամյա ակցիա, որքան էլ դա հրաշալի լինի: Մենք երազում ենք, որ այն դառնա Կոնստանդնուպոլսում մշտապես գործող ուղղափառ եկեղեցի»,- ասել է Կոնդուլոպուլուն:
Նշենք, որ այսօրվա դրությամբ, Սուրբ Սոֆիայի եկեղեցին, ինչպես նաեւ Թուրքիայի տարածքում գտնվող բազմաթիվ եկեղեցիներ, գործում են որպես թանգարան:
Հիշեցնենք, որ 2007 թվականին վերանորոգված եւ որպես թանգարան գործող Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին, Պոլսո հայոց պատրիարքության նախաձեռնությամբ, սեպտեմբերի 19-ին կրկին կբացվի կրոնական արարողության համար: Սակայն թուրքական իշխանությունները հայտարարել են, որ մինչեւ սեպտեմբերի 19-ը տեխնիկական պատճառներով չեն հասցնի խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին, ինչը կարվի պատարագից հետո: Այդ պատճառով, պատարագին հրաժարվել են մասնակցել Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքությունը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը:



























