ՆԱՍԱ-ն ստեղծել է մոլորակային պաշտպանության համակարգման բաժին, որը դառնալու է գործակալության Գիտական առաքելության գլխավոր վարչության ու Մոլորակային գիտությունների վարչության մի մասը: Արմագեդոնին նախապատրաստման հարցերով նոր բաժնի ստեղծման մասին հայտնում է Huffington Post-ը:

Նորաստեղծ բաժնի նպատակներն են հռչակվել երկրամերձ օբյեկտների բացահայտման ու դրանց հետեւելու ուղղությամբ ՆԱՍԱ-ի ծառայությունների ջանքերի համակարգումը, նաեւ երկնաքարերի հետ Երկիր մոլորակի բախման սպառնալիքի առաջացման դեպքում փոխգործողությունների մշակումը դաշնային այլ օրգանների հետ:

ՆԱՍԱ-ն օրական շուրջ 1,5 հազար մերձերկրյա օբյեկտ է հայտնաբերում: Գործակալությունը կարծում է, որ իրենց հաջողվել է հայտնաբերել 90 մետր տրամագծով երկնային մարմինների ավելի քան 90 տոկոսը: Հիմա գործակալությունն իր ջանքերը կենտրոնացրել է ավելի մանր աստերոիդների որոնման ուղղությամբ, հայտնում է Lenta-ն:

Չելյաբինսկի մետեորիտը իրենից ներկայացնում էր աստերոիդի կտոր, որը 2013 թ փետրվարի 15-ին մտել էր Երկրի մթնոլորտ ու պայթել այնտեղ: Այդ երեւույթին ականատես էին եղել՝ այդ տարածքում ու Ղազախստանի սահմանամերձ շրջաններում բնակվող հարյուր հազարավոր մարդիկ:

ՆԱՍԱ-ի կազմում նոր ստորաբաժանում ստեղծելու գլխավոր պատճառն է դարձել հենց 2013 թ. Չելյաբինսկի շրջանում ընկած մետեորիտը, որի խոշոր կտորը հայտնաբերվել է Չեբարկուլ լճում: Ամերիկյան տիեզերական գործակալությունը հնարավոր է համարում, որ մոլորակի պաշտպանության համար իրենք կհամագործակցեն այլ երկրների հետ, հնարավոր են համարում նաեւ միջուկային զենքի կիրառումը: