Ռուսաստանն ու Իրանը կարեւոր դեր են խաղում ահաբեկչության դեմ մղվող ճակատագրական պայքարում։ Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Իրանի ՆԳ նախարար Աբդուլ Ռեզա Ռահմանի Ֆազլիին եւ նրա պատվիրակությանը ընդունելու ժամանակ։
ՍԱՆԱ պետական գործակալության տեղեկություններով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի եւ Իրանի միջեւ ամուր ռազմավարական հարաբերությունները մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը։ Կողմերը կարծիք են հայտնել, որ որոշ երկրներ փորձում են խափանել այդ ջանքերը եւ աջակցություն ցուցաբերել ահաբեկչական խմբավորումներին։ Ասադը բարձր է գնահատել Սիրիայի աջակցելու հարցում Իրանի դիրքորոշումը եւ հայտնել, որ բարեկամ երկրները, մասնավորապես Ւրանն ու Ռուսաստանը 5 տարի շարունակ սիրիացիների համար հենարան են եղել եւ կարեւոր դեր են խաղացել ահաբեկչության դեմ ճակատագրական պայքարում հաղթանակներ նվաճելու գործում։
Իր հերթին Իրանի ՆԳ նախարարն ընդգծել է, որ Իրանի կողմից Սիրիային աջակցելը սկզբունքային է եւ անփոփոխ։




























