Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ մուլտֆիլմեր են ստեղծում: Վրաստանում, Ադրբեջանում եւ նույնիսկ Թուրքիայում անիմացիա չկա ընդհանրապես: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ռեժիսոր եւ մուլտիպլիկտոր Դավիթ Սահակյանցը:

«Տարածաշրջանում միակը լինելը հիանալի հնարավորություն է ստեղծում մեր մասին բոլորին հայտնելու համար, սակայն այդ ամենի իրականացման համար մեծ ներդրումներ են պահանջվում»,- ասաց Դ. Սահակյանցը` նշելով, սակայն, որ ներկայումս հայաստանյան անիմացիոն շուկայում մրցակցություն գրեթե չկա:

«Եթե մրցակցություն լիներ, ապա մենք այդ մասին անպայման կիմանայինք, երեւի թե չկա, դրա համար էլ չգիտենք դրա մասին”,- ասաց Դ. Սահակյանցը: Նրա խոսքով` մրցակցության համար անհրաժեշտ է, որպեսզի շուկան ուղղակի լցվի նոր եւ տարբեր ժանրերի եւ ոճերի ֆիլմերով, իսկ քանի որ  Հայաստանում բավարար թվով մասնագետներ չկան, եւ անիմացիոն դպրոց եւս չկա, հետեւաբար մրցակցության մասին խոսելն անիմաստ է:

«Հայաստանում դեռեւս չկա հնարավորություն սովորելու, չկա դպրոց, որը կարող է կրթել երիտասարդ ռեժիսորների եւ անիմատորների: Իսկ որակյալ կադրեր պատրստելու, դրից պրոֆեսիոնալների հրավիրելու եւ այդ ամենով լրջորեն զբաղվելու համար ֆինանսներ են հարկավոր»,- ասաց Սահակյանցը` հավելելով, որ անիմացիոն դպրոց չունենալը ուղիղ համեմատական է մրցակցության բացակայությանը: