Թաիլանդում տեղի դատարանների մոտ 300 կայք հաքերային հարձակման են ենթարկվել։ Կայքերը կոտրելու պատասխանատվությունը ստանձնել է Anonymous խմբավորումը, որը նախկինում կոտրել էր Թաիլանդի ոստիկանության կայքերը։ Հարձակումների մասին լուրերը Anonymous-ը հրապարակել է սոցիալական ցանցերում։
Հաքերները հրապարակել են հարձակման ենթարկված 294 կայքերի ցուցակը, որոնց մեծ մասը Թաիլանդի դատական համակարգին է պատկանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հաքերներն իրենց ակցիան հիմնավորել են Մյանմարի 2 քաղաքացիների նկատմամբ անարդար վճռի դեմ պայքարով, որոնց մահապատժի էին դատապարտել բրիտանացի զույգի սպանության համար։
Սպանությունը տեղի էր ունեցել 2014թ. սեպտեմբերին։ Բրիտանացի Դեւիդ Միլլերին եւ Հանա Վիզերիջին մահացած էին գտել լողափին։ Կնոջը սպանելուց առաջ բռնաբարել էին։ Սպանության մեղքն իրենց վրա էին վերցրել Մյանմարի 2 քաղաքացի, որոնք ավելի ուշ հայտարարել էին, որ խոստովանական ցուցմունք են տվել խոշտանգումների տակ։ Սակայն, չնայած դրան, անցյալ տարվա դեկտեմբերին դատավորը նրանց մեղավոր էր ճանաչել եւ մահվան դատապարտել։


























