Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով չորս հայ է զոհվել. Իրինա Գասպարյան (1964), Սերգեյ Գրիգորյան (1953), Արսեն Էլբակյան (1986), Լեւ Տեր-Սահակյանց (1940): Այդ մասին NEWS.am-ին հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Հայտնի է, որ Սերգեյ Գրիգորյանը եղել է Ռուսաստանի քաղաքացի:

Արդեն տեղեկացրել են, որ Վլադիկավկազի ահաբեկչությունում զոհված Հայաստանի քաղաքացի Արսեն Էլբակյանի դին նախօրեին տեղափոխվել էր Հայաստան: Արսեն Էլբակյանը ծնունդով Գյումրիից էր:

Նշենք, որ տուժածների ցուցակում նույնպես հայկական ազգանունով մարդիկ կան.
Ավանեսյան Նաիրա Ալեքսանդրի (1960), Կասպարյան Լյուդմիլա Ավալարի (1952), Շահնազարյան Շահնազար Ջավադի (1929), Էլբակյան Արթուր Մարատի (1985):

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին մահապարտ-ահաբեկիչը «Վոլգա» ավտոմեքենայով Վլադիկավկազի կենտրոնական շուկայի մուտքի մոտ պայթեցրել էր 30-40 կգ տրոտիլի հզորությամբ ռումբը: Վերջին տվյալներով, ահաբեկչության զոհերի թիվը 17 է, չհաշված մահապարտը: ՌԴ Առողջապահության եւ սոցզարգացման նախարարության տվյալներով, տուժել է 167 մարդ: Սեպտեմբերի 11-ին Վլադիկավկազում եւ մերձակայքում տեղի են ունեցել 11 զոհերի թաղումները:

Իրավապահ մարմինները երեք կասկածյալների հետ օպերատիվ միջոցառումներ են իրականացնում, սակայն մանրամասներ չեն հաղորդվում:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ ահաբեկչի ներկայացրած վարորդական իրավունքը եղել է վերջերս զոհված Մագոմեդ Իսրայիլի Արչակովի անունով, սակայն պայթեցված «Վոլգայի» վաճառող, ինգուշական Էկաժեվո բնակավայրի բնակիչ Իսմայիլ Դոբրիեւին գնորդը ներկայացել է Ախսիբ եւ խնդրել է լիազորագիր դուրս գրել Արչակովի անունով: