2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական հանրաքվեի ընթացքում սահմանադրական փոփոխություններին «ոչ» է ասել Հայաստանի բնակչության 70 տոկոսից ավելին, իսկ «այո»՝ 30 տոկոսից պակաս: Այս մասին այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանի Ազատության հրապարակում հավաքված` հին տոմարով Նոր տարին նշող քաղաքացիներին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
«Իշխանությունները փորձում են մեր ժողովրդին պարտադրել ապրել կեղծիքով, մեր հարցումներից պարզվել է, որ հանրաքվեի ընթացքում «այո» է ասել 30 տոկոսից պակաս մարդ, «ոչ»՝ 70-ից ավելի: Նաեւ ՀԱԿ-ի ուսումնասիրությունների արդյունքում է նույն թվերը կազմել եւ դա պատահական չէ: Մենք պետք է այս տարի ամեն ինչ անենք, որ հանրաքվեն չեղյալ հայտարարվի, պարապ նստելու տարի չէ, պետք է գործել»,-ասաց Պարույր Հայրիկյանը: Իր ելույթի վերջում Պարույր Հյարիկյանը երգ նվիրվեց Ազատության հրապարակում հավաքվածներին՝ նրանց կոչ անելով արդարության համար պայքարել մինչեւ վերջ:
Ազատության հրապարակում հավաքվածները կոչերով պահանջեցին ազատ արձակել Հայաստանի քաղբանտարկյալներին, որոնցից մեկը համարում են դեկտեմբերի 31–ի գիշերը ձերբակալված, ապա կալանավորված Գեւորգ Սաֆարյանին:
Միջոցառման կազմակերպիչները գունավոր ժապավեններ բաժանեցին հրապարակում հավաքվածներին, որոնք հավաքվածները երազանք պահելով՝ կապեցին իրենց հետ Ազատության հրապարակ բերած տոնածառին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր՝ հունվարի 13-ին, Երեւանի Սարյանի պուրակից տոնածառերի երթ տեղի ունեցավ դեպի Ազատության հրապարակ:
Երթի մասնակիցներն իրենց բողոքն հայտնեցին դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը ոստիկանների գործողությունների դեմ, որոնք «Նոր Հայաստան» շարժման անդամներին թույլ չէին տվել տոնածառերով շրջել Ազատության հրապարակում: Երթի մասնակիցները նաեւ համերաշխություն հայտնեցին այդ օրվա ընդհարման հետեւանքով ավելի ուշ ձերբակալված, ապա կալանավորված ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին:
Ազատության հրապարակում սեղան էր դրված, վրան՝ գինի, նշում էին հին տոմարով Նոր տարին: Միջոցառման կազմակերպիչները հավաքվածներին նաեւ գաթա հյուրասիրեցին։




























