Սաուդյան Արաբիայի եւ Իրանի բախման նպատակն է հստակեցնել ազդեցության գոտիները եւ ցույց տալ, թե որտեղ նրանք իշխանություն ունեն: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը:
Նա հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ հակասություններն սկսվել են ոչ թե 2016-ի հունվարի 2-ին, այն այն ժամանակ, երբ նրանք դեռեւս ԱՄՆ դաշնակիցներ էին: «Սաուդյան Արաբիայի եւ Իրանի շահերի գոտիները դեռ հստակեցված չեն, ու քանի դեռ դա չի արվել, խնդիրները միշտ լինելու են»,-ընդգծել է Իսկանդարյանը:
Նրա խոսքով, իրականում սա կրոնական խնդիր չէ, պարզապես կրոնի ֆոնին կողմնակիցներ են հավաքում: «Այստեղ հստակեցվում են ազդեցության գոտիները: Կրոնն օգտագործվում է միայն ու միայն քաղաքական նպատակների համար»,-հավելել է իրանագետը:
Նշենք, որ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունները կտրուկ սրվել են այս տարվա հունվարի 2-ին, երբ Սաուդյան Արբիայի իշխանությունները մահապատժի ենթարկեցին հայտնի շիա աստվածաբար, շեյխ Նիմր Բաքր ալ Նիմրին եւ եւս 46 դատապարտյալների: Թեհրանը խիստ քննադատության է ենթարկել Էր-Ռիադին, միաժամանակ հարձակվել են Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա: Դրանից անմիջապես հետո, հունվարի 3-ին Սաուդյան Արաբիան հայտարարեց Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:




























