Եվրոպական երկրներն հիմա «հերթ են կանգնել» Իրանի հետ համաձայնագրեր կնքելու համար հատկապես նավթի մատակարարումների ոլորտում։ Այս մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ Իրանը տարածաշրջանում առանցքային խաղացող է դառնում։ «Արեւմուտքը, այդ թվում՝ ԱՄՆ-ն, բազմիցս նշել է, որ ցանկացած խնդիր, ինչպիսին Սիրիայում եւ Աֆղանստանում ստեղծված իրավիճակն է, պետք է լուծվի Իրանի մասնակցությամբ»,- ընդգծել է Գոհար Իսկանդարյանը։

Անդրադառնալով Հայաստանի վրա Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ հարաբերությունների սրման հնարավոր ազդեցությանը՝ իրանագետը նշել է, որ երկու երկրների միջեւ ռազմական գործողություններ սկսվելը քիչ հավանական է։ «Բայց եթե հանկարծ պատերազմական գործողություններ սկսվեն, մենք դա ամբողջովին կզգանք Իրանի հետ ծրագրերի իրականացման տեմպերը դանդաղելու առումով։ Միաժամանակ կարելի է նաեւ մեզ համար դրական կողմ գտնել. նկատելի է, որ Ադրբեջանը փորձում է միավորվել Թուրքիայի հետ Սաուդյան Արաբիայի առանցքի շուրջ։ Հնարավոր է, որ Իրանն ու Ռուսաստանը ցանկանան տեսնել Հայաստանի մասնակցությունը Կովկասում Ադրբեջանի գործունեությունը ինչ-որ կերպ կանխելու համար։ Այսինքն՝ այստեղ մենք կարող են օգտակար լինել»,- եզրափակել է Գոհար Իսկանդարյանը։