Բասկետբոլի աշխարհի առաջնության Սերբիա – Թուրքիա կիսաեզրափակիչում մեկ միավորի տարբերությամբ սերբերի պարտությունը բախման պատճառ է դարձել Կոսովոյի հյուսիսում գտնվող Կոսովսկա Միտրովիցա քաղաքում: Հեռարձակումից հետո սերբերի պարտությունը ցնծությամբ ընդունած մոտ հարյուր ալբանացիներ մոտեցել են քաղաքի սերբաբնակ հյուսիսային հատվածին միացնող կամրջին:

Միաժամանակ կամրջին են մոտեցել նաեւ սերբ մարզասերներ: Բելգրադի B92 գործակալությունը հաղորդում է, որ սերբերը ալբանացիներին դիմավորել են քարերով: Մի քանի րոպե անց ժամանած ոստիկանները կարողացել են իրարից անջատել կողմերին: Սերբական լրատվամիջոցները հաղորդում են, որ կրակոցներ են լսվել ալբանական հատվածից, արեւմտյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ սերբական կողմում են կրակել:

Բախմանը ստիպված են եղել միջամտել նաեւ միջազգային խաղաղարարները: «Վեստիի» հաղորդմամբ՝ նրանցից մի քանիսը վիրավորվել են: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է յոթ տուժածների մասին: Ինքնահռչակ հանրապետության իշխանությունները հայտնել են, որ տուժածներից մեկը ծանր վիճակում է: