Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքի հանրաքվեի տեղամասերից մեկում ուրիշի փոխարեն ընտրելու հետ կապված խոսակցության շուրջ, պատգամավորի եւ հանձնաժողովի նախագահի միջեւ վեճի ընթացքում հանձնաժողովի նախագահը քվեատուփը դուրս է նետել 3-րդ հարկից:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Շանլըուրֆայից ընտրված պատգավոր Իբրահիմ Բինիջին, տեղեկանալով, որ քվեարկության տեղամասում ուրիշի փոխարեն ընտրություն է ընթանում, մեկնել է հիշյալ տեղամաս եւ հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Հալիլ Օզենից պարզաբանումներ պահանջել տեղի ունեցածի վերաբերյալ: Այդ ընթացքում վիճաբանությունը վերածվում է ծեծկռտուքի, որի ընթացքում հանձնաժողովի նախագահը քվեատուփը դուրս է նետել պատուհանից:
Պատգամավորի կողմնակիցները չեն ներել հանձնաժողովի նախագահի այդ քայլը եւ ծեծի են ենթարկել նրան: Ոստիկանությունը անմիջապես շրջափակել է կոտրված քվեատուփը: Վնասվածքներ ստացած հանձնաժողովի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց:
Հիշյալ իրադարձությունների կապակցությամբ լրագրողներին պարզաբանում է տվել քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Շանլըուրֆային ընտրված պատգավոր Իբրահիմ Բինիջին`նշելով, թե ինքը պարզաբանում է պահանջել ուրիշի փոխարեն ընտրելու փաստի համար, իսկ հանձնաժողովի նախագահը իրեն անպարկեշտ է պահել եւ հարձակվել իր վրա: «Հանձնաժողովի նախագահի դեմ բողոքով եմ հանդես գալու»,- նշել է պատգամավորը:
Նշենք, որ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը կոչ է արել բոյկոտել իշխող կուսակցության կազմակերպած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, քանի որ դրանցում բացակայում են Թուրքիայի ժողովրդավարացման եւ քրդական հարցի լուծման ուղղությամբ նախատեսած կետեր:





























