Microsoft ընկերությունը հերթական անգամ փոխել է իր Bing որոնողական համակարգի լոգոն: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Ad Age-ին:

Վերջին անգամ ընկերությունը լոգոն փոխել էր 2013 թվականին: Այն ժամանակ այն վառ դեղին գույն եւ b տառի մեջ թաքնված թռչող թռչնի կերպար էր ստացել: Bing-ի նոր լոգոն հիմա կանաչ է, ինչպես նաեւ B մեծատառ ունի: Գույնի փոփոխությունը Microsoft-ում պարզաբանել են այն հանգամանքով, որ կանաչն ավելի լավ է կարդացվում եւ ընկալվում, քան դեղինը:

Չնայած Bing-ը տարածվածությամբ ակնհայտորեն զիջում է Google-ին, հաղորդվում է, որ Microsoft-ի որոնողական համակարգը շահութաբեր է: Ընկերության ներկայացուցիչների կարծիքով, Bing-ն այն քիչ որոնողական համակարգերից է, որը կայուն աճ է արձանագրում: 2019 թվականին Microsoft-ը հույս ունի Bing-ի 1 մլրդ մշտական օգտատեր ունենալ: