Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դիլիջանում առանձնազրույց է ունեցել  Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Ֆիլիպ Լե Ուերեուի հետ, ով մեր երկրում է «Հայաստանը ճգնաժամից հետո. մարտահրավերներ եւ հնարավորություններ” միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ՀԲ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հետագա ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հանրապետության ղեկավարը բարձր է գնահատել ՀԲ-ի եւ Հայաստանի միջեւ համագործակցությունը եւ ընգդգծել, որ այդ համագործակցության բացակայության դեպքում Հայաստանը շատ բան կկորցներ: «Այն, որ Հայաստանում ծրագրեր եք իրականացնում` խնդրի մի կողմն է: Երկրորդ կողմն այն է, որ առաջավոր փորձ եք բերում, ինչը մեզ համար չափազանց էական հանգամանք է: Մարդիկ պետք է կարողանան որոշակի բարելավումներ տեսնել, բայց, մյուս կողմից էլ, պետք է ապագան տեսանելի լինի: Եթե այդպես չլինի, ապա այսօրվա նույնիսկ շատ լավ  փոփոխություները կարող են մարդկանց չբավարարել»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարն ասել է, որ նաեւ վերոհիշյալ  չափանիշներից ելնելով է բարձր գնահատում համաժողովի կատարած աշխատանքը, քանի որ  ծավալված քննարկումների ընթացքում առկա խնդիրներն արձանագրելուց բացի` առաջարկվել են նաեւ դրանք լուծելու հստակ ուղիներ:

Համաշխարհային բանկի փոխնախագահն ասել է, որ, չնայած իր ծանրաբեռնված աշխատանքային օրակարգին, որոշել է մասնակցել այս համաժողովին, քանի որ պարտավորվածություն է զգում Հայաստանի հանդեպ: Պարոն Լե Ուերեուի խոսքով, դեռեւս ՀԲ-ում իր նախկին պաշտոնում աշխատելիս,  Հայաստանի եւ Բանկի միջեւ արդյունավետ համագործակցության օրինակը հաճախ է որպես համոզիչ փաստարկ օգտագործել ՀԲ-ի ծրագրերի համար տրամադրվելիք գումարների շուրջ դոնորների հետ վարվող բանակցություններում: «Մեկ տարի է, ինչ այս պաշտոնում եմ: Դիտարկել եմ տարածաշրջանում մեր ծրագրերի պորտֆելը եւ, անկեղծորեն ասեմ, ըստ իս` ծրագրերի լավագույն պորտֆելը Հայաստանում է: Ընդ որում, ծրագրերի թե´ որակի եւ թե´ կատարողականի առումով: Ես հատկապես տպավորված եմ, քանի որ այն, ինչ փաստաթղթերում ուսումնասիրել, կարդացել եմ` հայաստանյան ծրագրերի վիճակագրություն եւ այլն, փաստացի, գործնականում նաեւ տեսա»,- ընդգծել է ՀԲ-ի փոխնախագահը:

Սերժ Սարգսյանը եւ Լե Ուերեուն վստահություն են հայտնել, որ Համաշխարհային բանկի եւ Հայաստանի միջեւ արդյունավետ համագործակցության մինչ օրս կուտակված փորձը հնարավորություն կընձեռի առաջիկայում իրականացնելու առավել ընդգրկուն ծրագրեր: