Հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնում նորածին է մահացել, որը Երեւան էր տեղափոխվել մեկ օր առաջ Վանաձորի բժշկական կենտրոնից։ Այս մասին NEWS.am–ին տեղեկավցրեց Վանաձորի ԲԿ մանկական սոմատիկ բաժանմունքի վարիչ Արփինե Համբարյանը:

Նրա խոսքով` 50 օրական  Ալինան հունվարի 12-ին ժամը 14:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք է տեղափոխվել շոկային վիճակում, շատ ցածր ՝ մոտ 34.5 աստիճան ջերմաստիճանով:

«Երեխայի վիճակն այնքան ծանր է եղել, որ այլևս հնարավոր չէր որևէ հստակ ախտորոշում տալ: Նրա մոտ պոլիօրգանային անբավարարություն էր։  Երեխան անմիջապես միացվել է արհեստական շնչառության ապարատին»,- ասաց Վանաձորի բժշկական կենտրոնի մանկական սոմատիկ բաժանմունքի վարիչ Արփինե Համբարյանը:

Հարցին՝ թե որն է եղել երեխայի նման վիճակի պատճառը, բժշկուհին դժվարացավ պատասխանել: Վարկածները, նրա խոսքով, մի քանիսն են:

«Նախորդ օրը կրծքի կաթի անբավարարություն խնդիր է եղել, ինչի պատճառով անցել են արհեստական սնուցման: Ըստ ծնողների` մինչև արհեստական կեր ստանալը երեխայի վիճակը նորմալ է եղել: Բայց երեխան միևնույն ժամանակ մի ամբողջ օր հաճախակի անզուսպ փսխումներ է ունեցել, սակայն 24 և ավելի ժամ շարունակ երեխային պահել են տանը: Մեր վարկածներից մեկն այն է, որ միգուցե կերն է  պատճառը. նրանք միանգամից նոր կերը տվել են  մեծ քանակով, առանց աստիճանաբար սովորեցնելու»:

Նույնը օրը՝ մի քանի ժամ անց երեխան ապարատային շնչառությամբ ռեանոմոբիլով տեղափոխվել է Երևան՝ Արաբկիր բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, հունվարի 13-ի լույս 14-ի գիշերը մահացել է: