Սաուդյան Արաբիան սրել է հարաբերությունները Իրանի հետ, որպեսզի Թեհրանին ստիպի դիմել պատասխան ռազմական գործողությունների եւ դրանով ձախողի պատժամիջոցների չեղարկման գործընթացը։ Այս մասին հունվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
Նրա խոսքով՝ աշխարհում Իրանի նկատմամբ դիրքորոշումը, սակայն, դժվար թե փոխվի։ «Կասկածում եմ, որ Սաուդյան Արաբիային հաջողվել է հասնել իր նպատակին, քանի որ քիչ երկրներ են անցել նրա կողմը։ Եթե պատերազմական գործողություններ լինեն, Իրանն այնքան հզոր է, որ կարող է ուղղակի ճզմել Սաուդյան Արաբիային»,- ընդգծել է Արման Նավասարդյանը։
Անդրադառնալով Հայաստանի վրա Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ լարվածության հնարավոր ազդեցությանը՝ դիվանագետը նշեց. «Մենք շատ ենք կապված Իրանի հետ։ Սաուդյան Արաբիան կարող է մանիպուլյացիաների դիմել Թուրքիայի եւ Իրաքի քրդերի միջոցով»։
Միաժամանակ Նավասարդյանը հավելեց, որ Ռուսաստանը Մերձավոր Արեւելքում կարեւոր դեր է խաղացել, քանի որ այնտեղ լուծվում է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը։



























