Գերմանիայի Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել  «Ընկերների փնտրտուք» գործառույթը, որը մուտք է ստանում օգտատիրոջ տվյալներին եւ նրանց հրավեր է ուղարկում միանալու սոցցանցին: Այդ մասին տեղեկացնում է  The Guardian-ը:

Գերմանիայի Գերագույն դատարանի կոմիտեն որոշել է, որ  Facebook-ում ընկերների փնտրտուքի գործառույթը գովազդային խախտում է: Սոցցանցի այդ գործառույթը, մուտք ստանալով օգտատիրոջ կապի որեւէ միջոցի, լինի դա  հեռախոսահամարը թե էլեկտրոնային հասցեն, սկսում է նրա ընկերներին Facebook-ին միանալու հրավերներ ուղարկել, գրում է  Gazeta-ն:

Դատարանը նաեւ նշել է, որ սոցցանցի նման մարկետինգային պրակտիկան օգտատիրոջը մոլորեցնում է, բացի այդ` նրան քիչ է տեղեկացնում, թե ինչպես եւ ինչ տվյալների է մուտք ստանում: Գերմանիայում սպառողների իրավունքների պաշտպանության ընկերակցությունն արդեն հույս է հայտնել, որ դատարանի նման որոշումը  զգուշացում կհանդիսանա գովազդային համանման մեթոդներ օգտագործող ընկերությունների համար: