Կառավարությունը շարունակելու է հետեւողականորեն աջակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, հիմա մենք քննարկում ենք ազգային ծրագիր ունենալու հարցը: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, «Սինոփսիս Արմենիա» ընկերություն այցելության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա շրջայց է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ձեռնարկության ուսումնական եւ արտադրական դեպարտամենտներում, ծանոթացել ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերին, ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված նոր նախաձեռնություններին: Մասնավորապես, ուսումնական դեպարտամենտի ղեկավար Վազգեն Մելիքյանը վարչապետին մանրամասներ է ներկայացրել արտադրություն-բուհ համագործակցության մոդելի հիման վրա իրագործվող կրթական ծրագրի վերաբերյալ: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ եւ հնարավորություն է տալիս աշխատաշուկան համալրել արտադրությանն ինտեգրվելուն անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ ունեցող շրջանավարտներով: «Սինոփսիս Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշել է, որ շրջանավարտների մեծ մասն աշխատում է ընկերությունում, ինչպես նաեւ Հայաստանում եւ տարածաշրջանում գործող ՏՏ ոլորտի այլ ընկերություններում:

Նրա խոսքով՝ ուսումնական դեպարտամենտում սովորողների զգալի մասը նաեւ աշխատում է ընկերությունում: Ուսանողների հետ մտքերի փոխանակության ընթացքում վարչապետը հետաքրքրվել է ծրագրի արդյունավետությամբ եւ վստահեցրել, որ գործադիրը կշարունակի աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված նման նախաձեռնություններին: Իսկ արտադրական դեպարտամենտում շրջայցի ընթացքում Հովիկ Աբրահամյանին են ներկայացվել «Սինոփսիս Արմենիա»-ի գործունեությունը, արձանագրվող հաջողությունները եւ առաջիկա անելիքները: Վարչապետը զրուցել է ընկերության աշխատակիցների հետ, ծանոթացել նրանց ձեռքբերումներին եւ ողջունել նոր գաղափարների ու մոտեցումների կիրառումը:

Այնուհետեւ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում արծարծվել են նոր ծրագրերի կյանքի կոչմանը եւ ՏՏ բնագավառի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Քննարկվել են ոլորտում առկա միտումները, հայաստանյան շուկայի առանձնահատկությունները, մեր երկրում տեխնոլոգիական համալսարանի ստեղծման հեռանկարները, ինչպես նաեւ առկա խնդիրները:

Լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առկա է մեծ ներուժ եւ անհրաժեշտ է հնարավորինս օժանդակել դրա իրացմանը:«Կառավարությունը շարունակելու է հետեւողականորեն աջակցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Հիմա մենք քննարկում ենք ազգային ծրագիր ունենալու հարցը, եւ պետք է մեր բոլոր հնարավորությունները օգտագործենք այն կյանքի կոչելու համար», – նշել է Հովիկ Աբրահամյանը: Կարեւորելով արտադրություն-բուհ մոդելի կիրառումը՝ վարչապետն այն արդյունավետ է համարել որակյալ կադրեր պատրաստելու տեսանկյունից եւ նշել, որ առաջիկայում կառավարությունը քննարկման առարկա կդարձնի նաեւ մյուս բուհերի հետ ընկերության համագործակցությունը խթանելու հարցը: