Զվարճալի հեռուստաալիքներ կան, որոնք հեռուստադիտողներին գումարային մրցանակներով վիկտորինաներ են առաջարկում: Ասենք` անհրաժեշտ է մաթեմատիկական հավասարում լուծել, որում բոլոր թվերը հավաքված են սովորական լուցկուց: Առաջադրանքները բավականին պարզ են եւ հեռուստադիտողին հույս են ներշնչում, թե զանգելով` մի քանի տասնյակ հազար դրամ արժողությամբ մրցանակ կշահի:
Խնդիրը լուծած քաղաքացին բջջային հեռախոսահամարով զանգելով (ֆիքսված հեռախոսից չի կարելի), լսում է ինքնապատասխանիչի ձայնը, որն առաջարկում է սպասել: Հետո միանում է «կենդանի» զրուցակիցը, որն ասում է, որ դուք հերթում եք եւ առաջարկում է սպասել, մինչեւ ձեզ միացնեն:
Բայց ստիպված եք լինում շատ երկար սպասել: Այնքան, մինչեւ ձեր հաշվին գումար չմնա: Չէ՞ որ ժամանակը փող է, ընդ որում` ոչ քիչ: Իսկ ձեզ նախապես զգուշացրել էին, որ Հայաստանի համար կապի րոպեն … 500 դրամ է: Իսկ սպասել ստիպված եք լինում անվերջ…
Այդ ընթացքում ստուդիայում երբեմն հնչում է «երջանիկի» զանգը, որը կարողացել է մինչեւ ստուդիա զանգել: Որպես կանոն, պատասխանն այնքան անհեթեթ է, որ ստուդիայի հետ կապի սպասող այլ հեռուստադիտողներին հաղթանակի հույս է ներշնչում: Բայց հաղորդավարուհին հեռուստադիտողների ականջները լցնում է` երկար «պարզաբանելով», որ պետք է ճիշտ պատասխանը գտնել, որ «կկարողանաք», որ ձեզ մրցանակ է սպասում:
Որքան էլ տարօրինակ է, այդ ժամանակ զանգեր չեն լինում: Չնայած հեռախոսագիծը հավանաբար այրվում է մի շարք երկրների հարյուրավոր հեռուստադիտողների` հեռուստահաղորդավարուհուն հասնելու փորձերից: Բայց նա շարունակում է շատախոսել ու դատարկից ավելի դատարկ բաների անդրադառնալ: Նրան նման առաջադրանք է տրված` «թույլատրված» հազվագյուտ զանգերի արանքում: Դժվար չէ նկատել, որ զանգող քաղաքացիների ձայները կասկածելիորեն նման են իրար: Ասես նույն մարդը փորձում է (ընդ որում բավականին անհաջող) խոսել տարբեր ձայներով:
Բարեբախտաբար, մեր եթերային հեռարձակումներում նման հեռուստաալիք չկա: Բայց ի գիտություն քաղաքացիների, առկա է կաբելային հեռուստատեսությունում: Այնպես որ, կուլ մի տվեք հեռուստատեսային խարդախների խայծը:
Սմբատ Գրիգորյան



























