Հակավիրուսային Symantec ընկերության աշխատակիցները տեղեկացրել են Android-ի համար բանկային բջջային տրոյանի նոր տարբերակի հայտնաբերման մասին, որը կոչվում է Android.Bankosy եւ որը կարելի է կոչել ամենախորամանկը բոլոր գոյություն ունեցողների մեջ: Այն գործնականում ոչնչով չի տարբերվում բանկային տեղեկություններ շորթող այլ վնասակար հավելվածներից, մի դետալից բացի:
Բանկային այլ տրոյանների նման, Android.Bankosy-ն վարակում է համակարգը եւ տվյալներ է շորթում հեռակա բանկային սպասարկման համակարգեր մտնելու համար, ինչպես նաեւ թույլատրման SMS-կոդեր, որոնք հաստատում են գործառնության իրականացումը: Վնասակար ծրագիրը մնացածներից տարբերվում է ձայնային զանգերի շորթման հնարավորությամբ, որի օգնությամբ փոխանցվում են ճանաչման կոդերը, տեղեկացնում է RG. http://rg.ru/-ը:
Իրենց հաճախորդներին նման ծառայություն են մատուցում մի շարք բանկեր. օգտատերը ցանկության դեպքում կարող է ընտրել, թե ինչպես կոդ ստանա` SMS-ի օգնությամբ, թե ձայնային զանգի, որտեղ սինթեզված ձայնն է թելադրում թվերը:
Համակարգը վարակած Android.Bankosy-ն սարքը փոխանցում է անձայն ռեժիմի եւ միացնում է վերահասցեագրումը, որպեսզի կոդով զանգն ուղարկվի անմիջապես չարամիտներին: Մինչ սմարթֆոնի տերը զանգի է սպասում, գաղտնի կոդի մասին տեղեկությունն արդեն հայտնվում է ցանցահենների ձեռքերում:
Symantec-ում նշում են, որ այսօրվա դրությամբ վիրուսն ակտիվ է Ասիայի երկրներում, որտեղ վերահասցեավորումը միանում է պարզ USSD հարցումով: Սակայն փորձագետների կարծիքով նման ծրագրի ի հայտ գալու փաստն իսկ խոսում է այն մասին, որ կոդերի ձայնային փոխանցումն արդեն չի կարելի հուսալի համարել:



























