Աֆրիկյան ժանտախտի հետեւանքով,  Տավուշի եւ Լոռու մարզերի բնակչությունը շարունակվում է զրկվել ապրուստի միջոց հանդիսացող խոզերից: Թեեւ գյուղատնտեսության նախարարությունը ձեռքերը ծալած չի նստել, սակայն վարակը շարունակում է տարածվել, որն էլ տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տալիս. օրինակ, որ համապատասխան միջոցառումները պատշաճ չեն իրականացվում:  NEWS.am-ի թղթակիցը գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանից փորձել է պարզել, թե ինչ միջոցառումներ են իրականացվում եւ ինչ երաշխիքներ կան, որ վարակը համաճարակի չի վերածվի` տարածվելով հանրապետությունով մեկ:

Պարոն Ալավերդյան, ի՞նչ միջոցներ եք ձեռք առել խոզերի ժանտախտի դեմ պայքարելու համար: Լուրեր են շրջանառվում, որ աֆրիկյան վարակի տարածումը ոչ պատշաճ աշխատանքներ իրականացնելու հետեւանք է:

Թվերն ասում են, որ եթե 2500 գլխաքանակ խոզի  անկում է եղել, որից հարկադիր սպանդի  ենթարկվածը 2000-ն է, ինքնին նշանակում է, որ միջոցառումներ իրականացվում են, այսինքն` աֆրիկյան  ժանտախտի դեմ պայքարի միջոցը վարակը հայտնաբերելն ու  հարկադիր սպանդի ենթարկելն է, ինչը մենք անում ենք:

Այն սկսվեց 20007 թվականից , մոտ 20-25 հազար անկում ունեցանք, այն գլխաքանակը, որը պահվում էր անտառներում, մի մասը սատկեց  եւ մնաց այդ անտառներում` անանցանելի վայրերում , որից այս տարի նորից  բռնկումներ եղան Տավուշի  մարզում, որտեղ կարանտին սահմանվեց:

Համապատասխան աշխատանքներ իրականացվեցին, հայտնաբերվեց  բավականին գլխաքանակ ու հարկադիր սպանդի ենթարկվեց, այն խոզերը, որ սատկել էին` թաղվեցին համապատասխան կարգով: Այժմ արդեն Լոռու մարզի որոշ համայնքերում է հիվանդությունը գլուխ բարձրացրել, նորից կարանտին է հայտարարվել  եւ համապատասխան աշխատանքներ իրականացվում են, դա գտնվում է իմ ամենօրյա հսկողության տակ:

Պարոն Ալավերդյան նախարարությունն ի վիճակի՞ է այնպիսի հսկողություն իրականացնել, միջոցներ ձեռք առնել, որ ժանտախտն  այլ մարզեր չթափանցի:

Մեր հիմնական աշխատանքը դա է, սահմանել ենք  կարանտին, փակել ենք այն համայնքները, որտեղ հայտնաբերվել է կարանտին, որպեսզի աֆրիկյան ժանտախտը  չտեղափոխվի այլ համայնքներ: Համաճարակ, որպես այդպիսին չկա, կան բռնկումներ, առաջնահերթ արագ արձագանքում ենք ահազանգերին,  հայտնաբերում ենք, հարկադիր սպանդի ենթարկում ու թաղում: Եթե հսկողություն չսահմանենք,  այն կվերածվի համաճարակի, ինչն անթույլատրելի է: Մենք դիմել ենք կառավարությանը, որոշակի   հարցերի,  խնդիրների հետ կապված, որպեսզի կարողանանք պատշաճ կազմակերպել:

Գյուղացիները զրկվել են ու շարունակվում են զրկվել ապրուստի միակ միջոցից, նրանց փոխհատուցում տալո՞ւ եք:

Փոխհատուցումը կառավարության որոշման խնդիրն է, մենք այդ տվյալները հավաքում ենք,  ներկայացնում ենք կառավարություն, կառավարության որոշումից հետո կհստակեցվի, թե ինչ օժանդակության մասին է խոսքը:

Տեղեկություններ կան, որ այն մարզերի սահմանակետերին, որտեղ  կարանտին է սահմանված, ավտոմեքենաների ախտահանման աշխատանքները նորմալ չեն իրականացվում:

Կարանտինի կետերում, ավտոմեքենաներն անցման ժամանակ ախտահանվում են , համապատասխան միջոցներով լուծույթ է լցվում, եւ մեքենաները դրա վրայով անցնելիս` մեկ պտույտ կատարում են, որ անիվները ամբողջությամբ ախտահանվեն: Կարող ենք միասին գնալ անցակետեր եւ համոզվել, որ այդ աշխատանքները իրականացվում են: